«Մենք չենք գնում եզրափակիչ՝ պարտվելու: Մենք պետք է հաղթենք». Հենրիխ Մխիթարյան
Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հարցազրույց է տվել Sky Sports-ին՝ խոսելով սպասվելիք եզրափակչի և մանչեսթերյան ակումբի ներկայիս վիճակի մասին:
Մխիթարյանը նշել է, որ իրենք միայն մեկ նպատակ ունեն՝ հաղթել:
«Մենք չենք գնում եզրափակիչ՝ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:
Մենք շատ կարևոր ենք համարում այս տիտղոսը, բացի այդ, շատ ենք ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբը չէ, որ 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը նշել է, որ եզրափակիչն իր կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու: Հենրիխը համոզված է, որ իրենք կարող են հաղթել, քանի որ ունեն մեծ ցանկություն:
«Եվրոպա լիգայում հաղթելը հրաշալի մրցաշրջանի ցուցանիշ կլինի մեզ համար: Մենք արդեն ունենք մեկ գավաթ և շատ ուրախ կլինենք երկրորդը նվաճելու համար: Մեզ վրա մեծ ճնշում է լինելու, մենք դա գիտակցում ենք, սակայն ես հանգիստ եմ և չեմ նյարդայնանալու, քանի որ երեխա չեմ և գիտեմ, թե ինչպես է պետք հաղթահարել ճնշումը:
Ես պատրաստվում եմ խաղալ իմ խաղը և լինել այնպիսին, ինչպիսին կամ»:
Հենրիխը նշել է, որ հետևել է «Այաքսի» հանդիպումներին, ծանոթ է նրանց երիտասարդ թիմին և գիտի, որ այդ թիմում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Մխիթարյանը հոլանդական ակումբի խաղը բնորոշել է՝ որպես ագրեսիվ՝ նշելով, որ նրանք միշտ ցանկանում են խաղալ իրենց խաղը:
Մխիթարյանը խոսել է նաև մանչեսթերյան ակումբում իր անցկացրած մրցաշրջանի մասին:
Հենրիխը նշել է, որ սկզբում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, սակայն ինքը կարողացավ հաղթահարել այդ դժվար փուլը:
«Ես կարողացա օգտագործել իմ շանսը, և սկսվեցին լավ ժամանակներ։ Տարին այնքան էլ վատը չէր, նորմալ էր, կարող էի ավելի լավ հանդես գալ, սակայն ամեն ինչ դեռ առջևում է:
Ես վստահ եմ, որ կարող եմ ավելին, լավ եմ տրամադրված, անընդհատ մարզվում եմ և պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանում հաջողության հասնելուն:
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նպատակներ ունի և կարող է իրականացնել իր բոլոր նպատակները: Ես ընդունում եմ մեր առջև դրված մարտահրավերները և միշտ պատրաստ եմ աշխատել»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։
Սիրարփի Աղաբաբյան