Բաժիններ՝

Քունը գեղեցկության և մարդկանց հետ շփումներում հաջողության գրավականն է. գիտնականներ

Շվեդ գիտնականները պարզել են, որ բավարար չափով քնելը օգտակար է ոչ միայն առողջության, այլեւ արտաքին տեսքի համար, քանի որ նրանք, ովքեր քունը չեն առնում, շրջապատողների համար պակաս գրավիչ են դառնում, եւ մարդիկ ենթագիտակցորեն խուսափում են նրանց հետ շփվելուց:

Աչքերի տակ գոյացած պարկերը եւ ուռած կոպերը հանգեցնում են այն բանին, որ ձեզ հետ պարզապես չեն ցանկանում հանդիպել, ասում են շվեդ գիտնականները:

Գիտափորձին մասնակցել են երկու սեռերի 25 ուսանողներ:

Կամավորներին տուն են ուղարկել հատուկ սարքավորումով, որը չափել է նրանց մարմնի բոլոր շարժումները՝ պարզելու՝ նրանք արդյոք իրոք չեն քնել այն ժամանակ, երբ դա պահանջում էին գիտափորձի պայմանները:

Սկզբում նրանց ասվել էր՝ երկու գիշեր անընդմեջ լավ քնել: Մեկ շաբաթ անց նրանք ցուցում են ստացել երկու օր գիշերվա ընթացքում քնել չորս ժամից ոչ ավելի: Առավոտյան հետազոտողները լուսանկարել են կամավորներին:

Այնուհետեւ գիտնականներն այդ լուսանկարները ցույց են տվել ուսանողներին անծանոթ Ստոկհոլմի 122 բնակիչների եւ խնդրել են որոշել, թե որքանով են գրավիչ այդ մարդիկ, արդյոք առողջ են նրանք, եւ կարելի է արդյոք նրանց վստահել:
Նրանց նաեւ հարցրել են. «Արդյոք դուք կցանկանայի՞ք հանդիպել այդ նկարում պատկերված մարդու հետ»:

Հարցվածներն անսպասելի հեշտությամբ որոշել են, թե կամավորներից ով է հոգնած եղել եւ նրանցից ով է ցանկանում քնել: Բացի այդ պարզվել է, որ որքան ավելի հոգնած տեսք են ունեցել լուսանկաներում պատկերված ուսանողները, այնքան ավելի քիչ են նրանք գրավիչ թվացել կողքից:

Հարցման մասնակիցները կասկած են հայտնել, թե կցանկանային հանդիպել այն մարդկանց հետ, որոնք քնատ տեսք են ունեցել: Նաեւ մասնակիցները կասկածում էին, թե արդյոք առողջ են լուսանկարներում պատկերվածները:

Սակայն հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Թինա Սունդելինը չի ցանկանում գույները խտացնել: «Մարդկանց մեծամասնությունը ոչ մի խնդիր չի ունենում, եթե երբեմն քունը չի առնում»,-ասում է նա:

Լիվերպուլի համալսարանի հոգեբան դոկտոր Գեյլ Բրյուերը նշում է, որ «գրավչությունը որոշելը հաճախ ենթագիտակցորեն Է լինում»: «Ընդ որում մենք կարող ենք նկատել նույնիսկ այն բանի ամենափոքր նշանները, թե որեւէ մեկը հոգնած է կամ հիվանդ»,-կարծում է նա:

«Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները լինեն առողջ եւ եռանդուն: Իսկ այս ուսումնասիրությունը հիշեցում է այն մասին, թե որքանով կարեւոր է քունը»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս