Երևանը Մինսկի խմբին ստիպեց հասցեական հայտարարություն անել. «Հայկական Ժամանակ»

Ղարաբաղյան հակամարտության վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ հստակ նշված է, թե կողմերից որն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը:

Ի՞նչ պատահեց, նման դեպքերում ժողովրդական լավ խոսք կա`ՄԽ համանախագահների ջերմությունը չի՞ բարձրացել: Սա չտեսնված և չլսված արձագանքն է համանախագահների կողմից: ՄԽ համանախագահները և առանձին համանախագահող երկրները ապրիլյան պատերազմի ժամանակ անգամ չհայտարարեցին, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է գործել, այն դեպքում, երբ առնվազն արբանյակային տվյալներից չէին կարող չտիրապետել այդ ինֆորմացիային: Որևէ հասցեական հայտարարություն չեղավ հայկական ուղղաթիռները խոցելուն, տասնյակ դիվերսիաներին, Թալիշում ծերունիների դիերը խոշտանգելուն, զինվորների գլխատմանը և գլխատողներին նախագահի մակարդակով շքանշաններ հանձնելուն:

Ի՞նչ է փոխվել, որ հիմա ՄԽ-ն սևով սպիտակի վրա գրում է, որ «Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»:

Այսօր վերլուծաբանների, քաղաքական գործիչների և պաշտոնական Ստեփանակերտի մեկնաբանությունների մեխն այն է, որ փորձելով ոչնչացնել ՀՕՊ համակարգը Ադրբեջանը ավիացիայի կիրառմամբ նոր հարձակում էր նախապատրասում, այսինքն` ռազմական իրավիճակի նոր էսկալացիա, իսկ ՄԽ անդամ երկրները չեն պատրաստվում դա հանդուրժել:

Սույն մեկնաբանությունը, թերևս, զուրկ չէ հիմքից: Կարելի է դրան ավելացնել նաև Ադրբեջանի և ՄԽ անդամ երկրներից առնվազն երկուսի` ՌԴ-ի և ԱՄն-ի հետ Ադրբեջանի վերջերս լարված հարաբերությունները:

Սակայն ակնհայտ է, որ հասցեական այս հայտարարության համար Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր այլ նախապայմաններ են ստեղծվել:

Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը, մասնավորապես, միակողմանիորեն իրականացվում է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը առայժմ չի համաձայնում դրան, սակայն ակնհայտ է, որ հայկական կողմում այդ մեխանիզմները վերջին ամիսներին հաջողությամբ տեղադրվում և գործում են:

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել….»,- նշված է ՄԽ հայտարարության մեջ:

Ի՞նչ հավաստի աղբյուրներ են հասանելի դարձել ՄԽ համանախագահներին, որ մինչև այժմ հասանելի չէին: Կարծում ենք, միակ նման աղբյուրը կարող են լինել շփման գծում հայկական կողմում հայտնված համապատասխան սարքավորումները, որոնց արձանագրած տվյալները հայկական կողմը փոխանցել է ՄԽ-ին:

Հակամարտության կողմերից մեկից նման փաստական տվյալ ստանալուց հետո համապատասխան հայտարարություն չանելով, կամ հերթական ոչ հասցեական հայտարարությունն անելով, ՄԽ-ն լուրջ վտանգի տակ կդներ իր մանդատն ու հետագա գործունեությունը:

Հայկական կողմը չի էլ թաքցնում այս ամենը: Մայիսի 16-ին ՊԲ-ն պատժիչ գործողություններից տեսանյութ հրապարակեց, որտեղ հստակ երևում է, ինչպես են ոչնչացվում ադրբեջանական ՌԷՊ կայանը, ՀՕՊ-ի կետն ու կապի համակարգը: Ընդ որում, շատ արագ նույն տեսանյութը տարածվեց ՝նաև անգլերեն թեգերով:

Ենթադրվում է, որ ՊԲ ձեռքի տակ է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռով խոցում հայկական «Օսա» հակաօդային համակարգը: Բնականաբար երևում է, որ դա նախահարձակ գործողություն է և այլն: և ոչինչ չէր խանգարելու, որ ՊԲ-ն հրապարակի նաև այդ տեսանյութը, ինչից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի լռությունը, կամ երկու կողմերին ուղղված ավանդական հորդորը բոլորովին այլ ենթատեքստ կստանար:

Հիմա արդեն երկրորդ տեսանյութը հրապարակելու անհրաժեշտություն չկա, որովհետև առաջինի հրապարակումից մեկ օր անց ՄԽ-ի անդրանիկ հասցեական հայտարարությունը հնչեց:

Անցած դեկտեմբերի Չինարիի ուղղությամբ հերթական դիվերսիայից հետո Երևանից պաշտոնական կարծիքներ էին հնչում, որ Մինսկի խմբի համանախագահները կոշկակարներ չեն, որ չտիրապետեն ինչ է կատարվում: Պաշտոնական Երևանը սպասում էր, ըստ էության, հայտարարությունների: Բնականաբար, կոշկակարներ չէին և տիրապետում էին, թե որ կողմը, երբ, ինչ է անում, սակայն երբ հերթը հասնում էր հրապարակային հայտարարություններին, կոշկակարությունն ավելի էին գերադասում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս