Մերկելը ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Շուլցին. Politbarometer Extra
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: Բուդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը):
Politbarometer Extra-ի հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է ZDF հեռուստաալիքի պատվերով, Մերկելի օգտին պատրաստ է իր ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 57 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին պատրաստ է քվեարկել 33 տոկոսը:
Մերկելը նաեւ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է տասը ամենակարեւոր գերմանացի քաղաքական գործիչների վարկանիշը: Ցուցակի երկրորդ տեղում ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն է, երրորդում Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ»), արտաքին գործերի նախարար Զիմգար Գաբրիելը եւ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը զբաղեցրել են չորրորդ եւ հինգերորդ դիրքերը:
Ինչ վերաբերում է կուսակցությունների ընթացիկ վարկանիշներին, ապա Քրիստոնեադեմոկրատական միությանը (ՔԴՄ)՝ Մերկելի գլխավորությամբ, պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 38 տոկոսը, իսկ Շուլցի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)՝ 27 տոկոսը: Դաշնային խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» (9 տոկոս), ազատ դեմոկրատները (8 տոկոս), «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցությունը (7 տոկոս):
Չնայած կուսակցությունների բավականին կայուն վարկանիշներին, հարցվածների միայն 33 տոկոսն է այն կարծիքին, որ խորհրդարանական ընտրությունների ելքն արդեն պարզ է, մեծամասնությունը (66 տոկոսը) պաշտպանում է հակառակ տեսակետը: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 73 տոկոսն ակնկալում է ՔԴՄ-ի հաղթանակը, եւ միայն 9 տոկոսը ԳՍԴԿ-ի հաղթանակի հույս ունի: Եվս 5 տոկոսը շարունակում է հավատալ մյուս կուսակցությունների ներուժին:
Հարցումն անցկացվել է մայիսի 16-ից մինչեւ 18-ը. դրան մասնակցել են Գերմանիայի 1344 չափահաս բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: