Թրամփը «վհուկների որս» է համարել ընտրություններին ՌԴ-ի միջամտության հետաքննությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել է «վհուկների որսի» դրսեւորում։
«Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակա եւ Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են կատարվել: Եվ ընդ որում ոչ ոք հատուկ դատախազ չի նշանակել հետաքննության համար»,-գրել է նա իր Twitter-ում: «Ընթանում է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում քաղաքական գործչի դեմ ուղղված ամենախոշոր «վհուկների որսը»,-հավելել է նա՝ խոսելով ներկայում իր վարչակազմի շուրջ ստեղծված իրադրության մասին:
Ավելի վաղ ԱՄՆի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Մյուլլերը, որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն գլխավորել է 2001-ից մինչեւ 2013 թվականը։
Ինչպես պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, անհրաժեշտ էր անկախ փորձագետ դրսից՝ հետաքննությանը հետեւելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: