Ֆրանսիացիները՝ Էդուար Ֆիլիպին վարչապետ նշանակելու մասին. հարցում
Ֆրանսիայի բնակիչների մոտավորապես մեկ երրորդը՝ 32 տոկոսն է հավանություն տալիս հանրապետության վարչապետի պաշտոնում «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպին նշանակելուն: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ մայիսի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որը Harris Interactive ծառայությունն անցկացրել է Atlantico ինտերնետպորտալի համար:
Եթե միայն 32 տոկոսն է կարծում, որ Ֆիլիպի նշանակումը «լավ իրադարձություն է», ապա հարցվածների 11 տոկոսը վստահ է, որ դա «երկրի համար վատ իրադարձություն է»: Ընդ որում դժվարացել է իր կարծիքը հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 57 տոկոսը:
Ֆրանսիացիների մեծամասնությունը վստահ է, որ Էդուար Ֆիլիպի նշանակումը «օգտակար կլինի» «Հառաջ» շարժման համար, 42 տոկոսը չի կասկածում, որ քաղաքական այդ քայլը կթուլացնի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը:
Ընդ որում հարցման մասնակիցների 38 տոկոսը կարծիք է հայտնել, որ «Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող Ֆիլիպին նոր վարչապետ նշանակելը կթուլացնի հենց այդ կազմակերպությանը: Նաեւ ֆրանսիացիների 32 տոկոսը կարծում է, որ այդ քայլը կթուլացնի «Ազգային ճակատի» դիրքերը, իսկ 30 տոկոսի կարծիքով՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ կուսակցությանը:
Հարցումն անցկացվել է մայիսի 15-ին այն բանից հետո, երբ հայտարարվեց վարչապետի պաշտոնում Էդուար Ֆիլիպի նշանակման մասին: Հարցերին պատասխանել է 18-ից բարձր տարիքի 1011 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: