Սերժ Սարգսյանը նվաստացրեց ընդդիմությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Միանգամայն կանխատեսելի էր, որ Երևանի ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում չի լինելու ռեսուրսի փոշիացման որևէ դրսևորում: Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլեւ ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա, նվաստացում: ՀՀԿ-ն այս ընտրություններում փորձարկեց առանց բուֆերի՝ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ընտրական գործընթաց կազմակերպելու գործընթացը և հաջողեց: Հարցը չի վերաբերում ընտրությունների որակին. նման խնդիր մեր քաղաքական օրակարգում նույնիսկ ձևակերպված չէ, և ընտրությունները ոչ թե քաղաքական միջոցառում են, այլ համակարգային ռեսուրսների ցուցադրման և ռեալիզացիայի հայելի:
«Անցնցում ընտրությունների» մոդելավորումն աշխատեց նաև երեկ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կապված միջադեպը, ինչն իշխանությունը հեշտությամբ վերագրել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահի էպոտաժին և էքսցենտրիզմին: Երեկվա ընտրությունները բացահայտեցին կամ ավելի ճիշտ՝ առարկայացրին մի քանի ակնհայտ իրողություն: Առաջին՝ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է համակարգը, և 2018-ի գործընթացների մոդելավորման հարցում նրան է պատկանում վերահսկիչ փաթեթը: Երեկվա ընտրությունները Սարգսյանը կազմակերպեց «երկրորդ»՝ «երիտասարդական» կազմով, առանց «նոր ոգի» Կարեն Կարապետյանի և բուֆեր Գագիկ Ծառուկյանի: Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցներին հասկացրեց, որ իր տրանսֆորմացվող իշխանությանը «նոր դեմք» կարող է հաղորդել՝ առանց կողմնակի միջամտության:
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երեկ պարզապես նվաստացրեց ընդդիմությանը՝ դրա առաջատար «Ելքին» և «Ծռության» քաղաքական նոր պատվիրակ «Երկիր ծիրանիին» հասկացնելով, որ ամբողջովին վերահսկում է նրանց էլեկտորալ պոտենցիալը: «Ելքը» Երևանում ստացավ ճիշտ այնքան քվե, որ արձանագրել էր խորհրդարանի ընտրություններում: Սա խոսում է այն մասին, որ դաշինքն, ըստ էության, չունի զարգացման ռեսուրս, որովհետև երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել այն պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից, որը Երևանի ընտրություններում «պարապ» էր մնացել ընդդիմադիր այլ ուժերի չմասնակցության հետևանքով:
Երևանի ընտրություններն, ըստ էության, զուրկ էին մրցակցային բաղադրիչից. խաղն ընթանում էր մեկ դարպասին, իսկ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ընդամենը լեգիտիմացնում էին համակարգային նոր ստատուս քվոն: «Ելքը» նույնիսկ խոսեց համակարգի լեզվով՝ «15000»-ի առաջարկով չեղարկելով նոր ընդդիմության հայտը, որ ներկայացրել էր խորհրդարանական ընտրություններում: «Ծռության» պլատֆորմով հանդես եկող «Երկիր ծիրանին» քաղաքական աութսայդեր է՝ թե՛ գաղափարական եւ թե՛ ինստիտուցիոնալ առումով: Ըստ այդմ՝ Երևանի ընտրությունները բացահայտեցին ընդդիմության բացահայտ վակուում՝ նոր ուժի ձևավորման պահանջով:
Երրորդ՝ ընտրություններն առավելագույնս բացահայտեցին մեր հասարակության սոցիալական դեգրադացիան եւ լյումպենացումը: Մեր հասարակությունը «կրճատվել» է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես, ինչը իրական է դարձնում Հսյաստանում «կլիենտիզմի» կամ «տիրոջ եւ ծառայի» համակարգի ներդրումը: Չորրորդ՝ Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» և թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։