«2018-ին ամեն ինչ կտեսնեք». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2018 թվականին պաշտոնավարումը շարունակելու և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին հարցերին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Կարապետյանն ասել էր, որ ցանկանում է 2018-ից հետո էլ մնալ վարչապետի պաշտոնում և հարց տվեց՝ դա իր ցանկությո՞ւնն է, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետ որոշակի պայմանավորվածությունների արդյո՞ւնք է, վարչապետն ասաց. «2018-ին ամեն ինչ կտեսնեք»:
Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններից առաջ անընդհատ ասում էր, որ շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնում, հիմա ի՞նչ կասկածներ կան, Կարեն Կարապետյանը պատասխանեց.
«Ոչ մի կասկած չկա, ուղղակի երբ ամեն օր այդ հարցը տալիս եք, մի բան փոխվո՞ւմ է: Երկու օր առաջ հայտարարել եմ, իմ հարցազրույցի մեջ գրված է»:
Մյուս հարցին՝ լարվածություն կա՞ Վիգեն Սարգսյանի հետ հարաբերություններում, ինչպես մամուլն է գրում, վարչապետը նշեց, որ նույնիսկ չի հասկանում՝ մամուլը որտեղից է դա վերցնում: Կարապետյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարի հետ ունի նորմալ, աշխատանքային հարաբերություններ:
Ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին և դառնալ հանրապետության ղեկավար, Կարապետյանն ասել էր. «Պատրաստ եմ»: Իսկ Դուք ցանկանո՞ւմ եք դա, հարցին էլ արձագանքելն էր. «Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»: