Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանը պարզաբանում է՝ ընտրվելու դեպքում ինչպես է լուծելու հանրային տրանսպորտի հարցը

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօրվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ հանրային տրանսպորտի հարցը լուծելու համար մի քանի քայլ է պետք անել։ Առաջին հերթին, ըստ նրա՝ քաղաքական համակարգը պետք է փոխվի։ Նա նշեց, որ հաշվետվությունները նայելիս՝ անկհայտ է դառնում, որ բոլոր գնումները կատարվել են Գնումների մասին օրենքի կոպիտ խախտմամբ, և նրա խոսքով՝ ուղղակի յուրացրել են մեր հանրային գումարները։

«Եթե գումարները ծախսվեն ըստ նպատակի, ապա հանրային տրանսպորտի հարցն էլ կլուծվի։ Տրանսպորտի հարցը չի լուծվում, որովհետև մենաշնորհ է, որովհետև, եթե դու 100 դրամը հավաքագրում ես ստվերային ձևաչափով, այսինքն՝ առձեռն ուղևորն այդ գումարը վճարում է վարորդին, վարորդն էլ, չգիտենք՝ ինչպես է փոխանցում այն գծատիրոջը, գծատերը, չգիտենք՝ ինչպես է վճարում հարկերը, իհարկե, այդ միասնական համակարգն իրենց համար ձեռնտու չէ։ Մենաշնորհները պետք է բացառվեն և վերանան։ Բացի դրանից՝ Գնումների մասին օրենքի համաձայն՝ օֆշորներում գրանցված կազմակերպությունները չպետք է մասնակցեն հանրային գնումների գործընթացին։ Այն 30 մլրդ դոլար գումարը, որ Հայաստանից դուրս է բերվել ապօրինի, այդ գնումները կատարվել են նաև այդ օֆշորային կազմակերպությունների միջոցով։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ օֆշորներում գրանցված կազմակերպությունները պատկանում են բարձրաստիճան չինովնիկներին։

Հարցին՝ որպես համայնքի ղեկավար, նա ինչպե՞ս կարող է այդ հարցերը լուծել, Փոստանջյանը պատասխանեց, որ  օֆշորներում գրանցված կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել հանրային գնումների գործընթացին.

«Օրենքով մենք շարժվելու ենք, իսկ իրենք խախտում են օրենքի պահանջները. այս մասին է խոսքը»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ալիսա Աբրահամյանն էլ նշեց, որ, եթե քաղաքն ունենա իր կայուն բյուջեն, որը հասանելի կլինի միայն այն մարդկանց, որոնք որոշակի ենթակառույցներում կատարելու են կոնկրետ աշխատանք, ապա հարցը հաջողությամբ կլուծվի։

Իսկ Փոստանջյանը հավելեց, որ գույքահարկի և հողի հարկի հետ կապված էլ խնդիր կա. «Գույքահարկի գանձումը տեղի չի ունենում արդարացի սկզբունքով, ունենք սառեցված շինարարություն, որը նույնպես չի հարկվում, հետևաբար՝ գույքահարկի և հողի հարկի հավաքագրումը նույնպես պետք է ենթարկվի համակարգային փոփոխության, ինչը հավելյալ գումարներ է մուտքագրելու Երևան քաղաքի բյուջե»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս