«Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում ագրեսիվ լինել». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր խաղի և տաղանդը ճիշտ օգտագործելու մասին:
«Կարևոր չէ, թե որքան մեծ հմտություններ և ունակություններ ունես, ամենակարևորը դրանք ճիշտ օգտագործելն է: Պետք է աշխատես և աշխատես շատ: Եվ երբ շատ ես աշխատում, քո տաղանդն ավելի ուժեղ ես դարձնում: Սակայն եթե դու տաղանդավոր ես, հմտություններ ունես, սակայն չես աշխատում, ապա ոչինչ չես ունենա»,–Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:
Հայ կիսապաշտպանն անդրադարձել է իր հորը` Համլետ Մխիթարյանին. «Նա առավել արագ էր, քան ես, տիրապետում էր հուժկու հարվածների, հարվածելու բնատուր ներուժ ուներ: Նա տարբերվում էր մյուսներից»:
«Ես իսկապես տարբեր եմ խաղադաշտում և դրանից դուրս: Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ» և պայքարում եմ գնդակի համար` փորձելով լավագույնս հանդես գալ: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում ագրեսիվ լինել»,-ասել է Մխիթարյանը: