Բաժիններ՝

Ջուլիան Ասանժը, Ջոն Էվանսն ու այլք նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսի և Դին Քեյնի նախաձեռնությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող փաստավավերագրական ֆիլմ:

Ֆիլմը կոչվում է «Ցեղասպանության ճարտարապետները. ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է»:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտված են, այն կցուցադրվի սահմանափակ թատրոններում 2017 թվականի հոկտեմբերից:

Ֆիլմում խոսում են հայտնի դեմքեր, ինչպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ամերիկացի հայտնի իրավապաշտպան, Genocide Watch կազմակերպության հիմնադիր Գրեգորի Ստանտոնը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող Սիբել Էդմոնդսը, բրիտանացի հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնը, ինչպես նաև ցեղասպանության վերապրածներ:

Փաստավավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա իրականացրած հարձակումների, անգամ Թալիշի ավերման, ինչպես նաև ցեղասպանության փաստի նկատմամբ Միացյալ Նահանգների ժխտողական դիրքորոշման մասին:

«Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն էր: Հզոր տերությունները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` համոզվելու, որ չկան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին»,- ֆիլմում պատմում է Ջուլիան Ասանժը:

«Հայերի դեմ կիրառվել են ոչնչացման ամենադաժան միջոցները»,- պատմում է հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնը:

«Քանի որ Թուրքիային թույլ տրվեց հերքել իրենց կողմից գործված Ցեղասպանության հանցագործությունը, մյուս երկրները կարծեցին, որ իրենք ևս կարող են իրականացնել զանգվածային սպանություններ և անպատիժ մնալ: Թուրքերի համար Ցեղասպանությունը երբեք տեղի չի ունեցել, սակայն հայերի համար այն երբեք չի ավարտվել: Մենք պետք է հիմա ամբողջությամբ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և մյուս բոլոր ցեղասպանությունները, քանի որ ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է»,- նշում է ֆիլմի պրոդյուսեր, հայտնի դերասան Դին Քեյնը:

Ֆիլմի հեղինակները կոչ են անում բոլորին համացանցում հնարավորինս շատ կիսվել ֆիլմով՝ նպաստելով դրա մասին իրազեկվածության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս