«Այդպիսի ժողովրդի հետ ոչ մի բան չես կարողանա անել». Մանվել Եղիազարյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, «Փաստի» հետ զրույցում սխալ չի համարում, որ ընդդիմությունը՝ այդ թվում ՕՐՕ-ն չգնաց հետընտրական պայքարի, քանի որ, ըստ նրա, թալանված, ստորացված ու սոված ժողովրդին հնարավոր չէ պայքարի հանել:

«Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի, որ շատ սովածանան, արդեն իրենք դուրս կգան պայքարի»,- ասաց ազատամարտիկը:

– Պարոն Եղիազարյան, տևական ժամանակ տեղեկություն կա, որ Սեյրան Օհանյանը պատրաստվում է «Ազատամարտիկների դաշինքի» հիմքով սեփական կուսակցություն ստեղծել, նման գործընթաց կա՞ այսօր:

– Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում:

– Իսկ Դուք նման կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Ես դրա մասին չեմ մտածել: Այդպիսի զարգացումների մասին պատկերացում չունեմ:

– Այսօր, երբ ՕՐՕ-ում սառել են հարաբերությունները, ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումը, Ձեր կարծիքով Ազատամարտիկների դաշինքը ո՞ր քաղաքական- հասարակական հատվածում պիտի լինի ու ի՞նչ գործունեություն պիտի իրականացնի:

– Դաշինքը ունի խորհուրդ և պետք է խորհրդի անդամներին հարցնել: Ոչ միայն ազատամարտիկների դաշինքը, այլև բոլոր այն մարդիկ, որոնք հիմնադրել են այս երկիրը ու ցավ են ապրում այս երկրի համար, պարտավոր են լինել այն ակտիվ ուժի հետ, որը ցանկանում է հայրենիքի համար մի լավ բան անել:

– Այս պահին Դուք ո՞ր ուժին եք տեսնում այդ դերում:

– Այս պահին ես ոչ մի ուժի չեմ տեսնում: Մի 15 օր հետո ամեն ինչ կհստակեցվի, այդ ժամանակ էլ ես իմ կարծիքը կհայտնեմ:

– Իշխանության ներկայացուցիչներն այսօր ասում են, թե քանի որ հետընտրական զարգացումներ չեղան, դա ամենալավ գնահատականն էր ընտրություններին, այսինքն՝ շատ նորմալ ընտրություններ են եղել: Ճի՞շտ եք համարում ՕՐՕ-ի ու մյուս ընդդիմադիրների որոշումը, որ հետընտրական զարգացումների չգնացին:

– Այո, ճիշտ էր չգնալը, որովհետև գնացողները, ովքեր պիտի գնային այսօր, այդ մարդիկ չկան: Էսօր ժողովուրդը թևաթափ եղած, մի մասը 10 հազար դրամով վաճառել է ձայնը, ումո՞վ գնաս հետընտրական պայքարի: Սոված մարդկանց հնարավոր չէ տանել պայքարի, այ, շատ սովածին հնարավոր է: Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի: Որ շատ սովածանան արդեն, որ չկարողանան քայլել, արդեն իրենք դուրս կգան պայքարի: Նրանց պետք չի պայքարի տանել: Մարդիկ կան, իրենց որովայնը լցնում են, կարծում են՝ լավը դա է, կարելի է արդեն ժողովրդին ու ընդդիմադիր ուժերին ծաղրել: Իսկ եթե ասում են, որ սա է իրականը, ես էլ կասեմ, որ դա է պատճառը, որ 30 հազար քմ–ից այսպես մեզ պահելով դարձել ենք 30 հազար կիսատկլոր, կիսամերկ: Հայաստանում ամեն ինչ կարելի է ասել:

– Ձեր կարծիքով, ՕՐՕ–ն, որի կողքին կանգնած էր Ազատամարտիկների դաշինքը, այս ընտրություններում իրականացրե՞ց իր առաքելությունը և ինչպե՞ս իրականացրեց:

– Առաքելությունն ինչպես կարող ես իրականացնել, երբ գործ ունես թալանչիների հետ, որոնք թալանել են ամեն ինչ: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ժողովուրդը բացի 10 հազար դրամից, ոչ մի հեռանկար չի տեսնում, ոչ մի հարգանք, ոչ մի արժեք չկա: Թալանված ժողովուրդ, թալանված երկիր. ստորացել է այնքան, որ 5 տարին մեկ 10 հազար դրամով նրա ձայնն առնում են: Այդպիսի ժողովրդի հետ ոչ մի բան չես կարողանա անել: Այդպիսի պայմաններում ոչ մի բան հնարավոր չէ անել: Այս ընտրությունները արհամարհական ապտակ էին հայ ժողովրդի բարոյահոգեբանական կերպարին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս