Ահա թե որտեղ են կորչում ՊՆ-ի փողերը. Տարոն Մարգարյանի մտերիմը փորձել է «քցել» պետությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը:

Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետեւանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները:

Ու հիմա Տարոն Մարգարյանի հետ առնչություն ունեցող այս «Դանինի» ՍՊԸ–ն պարզապես քցում է պետության, Պաշտպանության նախարարությանը, ընդ որում՝ բավական մեծ գումարներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս