«Մարդ սպանողը երբեք չի կարող ներվել». Վազգեն Մանուկյանը՝ «Սասնա ծռերի» համաներման մասին. «ՀԺ»

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:

– Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:

– Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:

– Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:

– Համաներման հետ կապված քննարկում չի եղել:

– Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:

– Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:

– Ձեր առաջարկությունից անցել են ամիսներ: Ձգձգումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված:

– Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անում, մեր քննարկումների արդյունքի մասին տեղեկացնում ենք համապատասխան մարմիններ, բայց քննարկումները ոչ մի պարտադիր ուժ չունեն, կարող են արձագանքել, կարող են՝ չէ: Բազմաթիվ առաջարկություններ են լինում, հարցեր ե՛ւ կրթության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ այլ: Որոշ առաջարկություններ քննարկում ենք միասին, որոշ առաջարկություններ ուղղակի մնում են որպես առաջարկություն, ոչ մի նոնսենս չկա: Մենք մի անգամ մեր կարծիքն արտահայտել ենք, որից հետո որեւիցե բանի մասին խոսակցություն չի եղել:

– Այս պահի դրությամբ ձեր կարծիքը չի փոխվել, չէ՞:

– Ոչ, ես կարծում եմ, որ եթե արդեն սկսվեց, մտավ այդ ընթացքի մեջ, դատավարությունը վերջացնելուց հետո նոր կարելի է անդրադառնալ դրան, եթե խոսքը հենց կոնկրետ «Սասնա ծռերի» մասին է: Այստեղ մեղքի բաժինների հարց կա: Մի մարդ, որը մարդ է սպանել, ինքը երբեք չի կարող ներվել, այդտեղ ի՞նչ ներման մասին է… դրա համար, մինչեւ քննությունը չվերջանա, դատավարությունը չլինի, անիմաստ կլինի դրա մասին խոսելը: Մեր ասածն ի սկզբանե այն էր, որ նրանք, որոնք որ քիչ չափով են առնչված այս գործի հետ, խաբված են եղել, կամ իրենց մեղքը մեծ չի, ոչ թե այն մարդկանց վերաբերյալ, որոնք մարդ են սպանել:

– Ըստ հանցանքի ծանրությա՞ն:

– Այո:

Հիշեցնենք, որ մամուլում նախորդ տարվա սեպտեմբերից գրվում էր, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ համաներում է հայտարարվելու ՔՀԿ-ներում գտնվող անձանց որոշ շերտերի նկատմամբ, սակայն մինչեւ տարեվերջ այդ լուրերն իրականություն չդարձան: Որոշ հրապարակումների համաձայն՝ համաներումը կարող էր լինել խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն դա էլ տեղի չունեցավ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս