Թուրք վերլուծաբանը «բացահայտում է» գյուլենականների հայկական ծրագիրը

Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:

Նշենք, որ Գյուլենի և Էրդողանի բացահայտ հակամարտությունը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ: Այդ ժամանակ Գյուլենի հետևորդ դատախազների կարգադրությամբ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեցին Էրդողանի կողմնակից ազդեցիկ գործարարներ, նախարարների որդիներ: Գյուլենի անունը կապվեց նաև 2016 թվականի հունիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ: Ըստ թուրքական իշխանությունների և մամուլի՝ հեղաշրջում կատարելու հրաման տվել էր հենց Գյուլենը:

Վերլուծաբան Օրայ Էղինը «FETÖ-ի հայկական սերը» հոդվածում անդրադարձել է պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Հայկական հարցում «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ թուրքական լրատվամիջոցները այսպես են ներկայացնում Գյուլենի հիմնած կառույցը՝ գյուլենական համայնքը) դիրքորոշմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գյուլենականները մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու, իսկ Հայկական հարցում հայերին աջակցելու մեջ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հարցում Գյուլենի հետևորդների դիրքորոշմանը՝ Էղինը նշել է, որ նրանք սոցցանցերում ցեղասպանության մասին գրառումներ են հրապարակել՝ այդ կերպ «տեր կանգնելով» Հայկական հարցին:

Հոդվածի հեղինակը Հայկական հարցում գյուլենականների դիրքորոշմանը հակադրում է Դինքի սպանությունը: Նա գրում է, որ հայ լրագրողի սպանությունը պետական ապարատում պաշտոնավարող գյուլենականների  ձեռքի գործն է և որպես այս խոսքերի ապացույց հղում է անում Դինքի գործով կազմված 3-րդ մեղադրականի տեքստին: Ըստ այդ մեղադրականի՝ գյուլենականները սկզբից մինչև վերջ հետևել են սպանությանը, չեն կանխել հանցագործությունը, անգամ մարդասպան Օգյուն Սամասթի հետ բանտում  թուրքական դրոշով նկարված ոստիկանները գյուլենական են եղել:

Հեղինակը ցեղասպանության հարցում գյուլենականների դիրքորոշումը «նոր մարտավարություն» է անվանել, որով գյուլենականները մինչև Դինքի գործում իրենց մեղքն ապացուցող նոր մեղադրականի հրապարակումը փորձել են «հայերի բարեկամ» ներկայանալ:

«Որպեսզի քամին իրենց հակառակ չփչի, վաղը մյուս օրը սփյուռքին «Տեսեք, մենք միշտ ձեր բարեկամն ենք եղել» կասեն: Գուցե իրենց շատ խելացի, մեզ էլ հիմար են համարում: Ի՞նչ է, կարծում են՝ այս շինծու մարտավարությունը հնարավոր չէ՞ հասկանալ»,- գրում է Էղինը՝ ընդգծելով, որ Դինքի սպանությունից գլուխները հեշտ չեն ազատելու:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս