Հանրապետության բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը մասնավոր սեփականություն է

 ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կատարած վերջին ուսումնասիրություններով՝ հանրապետության 48 քաղաքային բնակավայրերի թվով 11957 շենքերից՝

– 8022-ը (կամ 67.1%-ը) կառավարվում է շենքի շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված կառավարման մարմինների (հիմնականում` համատիրությունների) միջոցով: Ընդ որում, Երևան քաղաքում կառավարման մարմինների կողմից կառավարվում են քաղաքում  առկա 4763 բազմաբնակարան շենքերից 4675-ը (կամ Երևանի բազմաբնակարան շենքերի 97%-ը).

– 3935-ում (կամ 32.9%-ում) կառավարման մարմիններ ձևավորված չեն և այդ շենքերի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է իրականացվեն համայնքների ղեկավարների կողմից:

Ընդ որում, 48 քաղաքային բնակավայրերից 34 բնակավայրերում                                    (2752 բազմաբնակարան շենք) կառավարման մարմիններ ընդհանրապես ձևավորված չեն:

Մինչ այժմ բնագավառում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ միջավայրը, ընդհանուր առմամբ, բարենպաստ է բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար: Մասնավորապես, գործում է բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ըստ որի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունն է այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելը: Դրա հետ մեկտեղ, սահմանված են գործընթացին մասնակից կողմերի իրավասությունների և պարտականությունների ընդհանուր շրջանակը:

Այդուհանդերձ, բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա են խոչընդոտներ, որոնք էապես սահմնափակում են առաջընթացի հնարավորությունները:

Այդ համատեքստում են՝ ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ համակարգված տեղեկատվության պակասը կամ բացակայությունը, կառավարման մարմինների կարողությունների սահմանափակությունը` մասնավորապես ծրագրման, պլանավորման ու բյուջետավորման մասով, այդ մարմինների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության պակասը, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակով պայմանավորված՝ շենքերի պահպանմանն ու նորոգմանն ուղղված աշխատանքների ծախսատարությունը, բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հավաքագրման ցածր տոկոսը, ինչպես նաև իրենց պարտականությունների և իրավունքների մասին սեփականատերերի թույլ իրազեկվածությունն ու կառավարման գործընթացներին մասնակցության խթանների պակասը կամ բացակայությունը:

Տեսանյութեր

Լրահոս