Բաժիններ՝

Հռոմի պապը Եգիպտոս է ուղևորվում «որպես բարեկամ և խաղաղության դեսպանորդ»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եգիպտոս է ուղեւորվում որպես խաղաղության դեսպանորդ: Այդ մասին ասված է քահանայապետի՝ եգիպտացիներին հղված ուղերձում, որն ապրիլի 25-­ին տարածվել է Կահիրեում:

«Ես Եգիպտոս եմ ժամանում որպես բարեկամ եւ խաղաղության դեսպանորդ»,­-նշվում է հովվապետի ուղերձում: Դրանում Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Կահիրե իր առաջիկա այցը «իրական ավանդ կդառնա կրոնների եւ իսլամական աշխարհի միջեւ»:

Հռոմի պապը նաեւ նշել է, որ Եգիպտոս այցելությունը կամրապնդի «էկումենիկ երկխոսությունը Ղպտի ուղղափառ եկեղեցու հետ», որի հետեւորդների մեծամասնությունն ապրում է Եգիպտոսում:

Հռոմի պապը խաղաղություն է մաղթել Եգիպտոսի ամբողջ ժողովրդին, հավելելով, որ ինքը եգիպտական հող է ժամանում «երախտապարտ ու բաց սրտով»:

Եգիպտոս Հռոմի պապի առաքելական այցը, որը նշանակված է ապրիլի 28­-29­-ին, կիրականացվի Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ աս Սիսիի, կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների, Ղպտի պատրիարք Թավադրոս Երկրորդի եւ «Ալ Ազհար» համալսարանի գերագույն իմամ շեյխ Ահմեդ աթ Թեյիբի հրավերով:

Ուղեւորության գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա Ֆրանցիսկոսի մասնակցությունը խաղաղությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին, որը գումարվում է գերագույն իմամի նախաձեռնությամբ: Սպասվում է, որ դրան ներկա կլինեն Արեւելքի քրիստոնեական եկեղեցիների պատրիարքներ, ներառյալ Կոնստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս