«Ես միակն եմ, ով կարող է ապահովել ֆրանսիացիների պաշտպանությունը». Մարին Լե Պեն
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ։
«Մենք հենց նրանք ենք, ովքեր ամենից ավելի լավ կպաշտպանեն ժողովրդավարությունը: Ես միջոցներ չեմ ձեռնարկելու առանց ժողովրդի համաձայնությունն ստանալու: Եվ այդ միջոցները երբեք ուղղված չեն լինելու ժողովրդի դեմ: Ես միակն եմ, ով կարող է ապահովել ֆրանսիացիների պաշտպանությունը»,-ասել է նա ապրիլի 24-ին ելույթ ունենալով France2 հեռուստաալիքի եթերում:
Լե Պենը հորդորել է ֆրանսիացիներին չվախենալ ոչ իրենից, ոչ էլ «Ազգային ճակատի» ծրագրից: «Ֆրանսիայի քաղաքական համակարգը մշտապես ձգտում է մեզ ներկայացնել որպես ծաղրանկար»,-հավելել է նա:
Լե Պենի խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակիցը՝ Էմանուել Մակրոնը, ներկայիս նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հավատարիմ զինակիցն է: Նա երբեք չի ընդհատել շփումները Ֆրանսուա Օլանդի հետ: Պարոն Օլանդը նրան աջակցում է արդեն երկար ամիսներ»,-ասել է նա:
Լե Պենը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 7-ին պայքարի մեջ կմտնի առաջին փուլի հաղթողի՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հետ: Ապրիլի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, իսկ Մարին լե Պենը՝ 21,3 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: