Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Ինչպես նշում է IRNA-ն, թեկնածուները կարող են իրենց ընտրարշավն սկսել ցանկացած օր մինչեւ մայիսի 18-ը, որը լռության օր է հայտարարված մայիսի 19-ին պլանավորված ընտրություններից առաջ:
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռոուհանին, Իրանի 60-ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը եւ
Իրանի 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին: Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 1636 թեկնածու: Նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր էր ներկայացրել նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չթույլատրեց նրա մասնակցությունը:
Եթե մայիսի 19-ին պլանավորված քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա դրանից մեկ շաբաթ անց Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի նախորդ ընտրություններում Հասան Ռոուհանիին հաջողվել էր ապահովել ընտրողների 51 տոկոսի աջակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: