Պորոշենկոն աղքատանում է, բայց մնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց տասնյակում. «Ֆոկուս»
Ուկրաինայի նախագահ եւ Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում: «Ֆոկուս» հանդեսի վարկածով, պետության ղեկավարի կարողությունը, 2016 թվականի արդյունքներով, գնահատվում է 589 մլն դոլար՝ մեկ տարի առաջվա 750 միլիոնի դիմաց:
Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց վարկանիշը, ըստ հանդեսի վարկածի, կրկին գլխավորել է CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովը, որի կարողությունը կազմել է 2,2 մլրդ դոլար: Վարկանիշի համաձայն, ինչպես եւ մեկ տարի առաջ, երկրորդ, երրորդ եւ չորրորդ դիրքերն զբաղեցնում են «Պրիվատ» խմբի համասեփականատերեր Իգոր Կոլոմոյսկին եւ Գենադի Բոգոլյուբովը (1,2ական մլրդ դոլար) եւ Վիկտոր Պինչուկը (1,1 մլրդ դոլար)՝ համապատասխանաբար:
Տասներորդից հինգերորդ տեղն է բարձրացել «Կեռնել Գրուպ»ի սեփականատեր Անդրեյ Վերյովսկին (871 մլն դոլար), իսկ 2015 թվականին հինգերորդ տեղն զբաղեցրած «Միրոնովյան հացամթերքի» սեփականատեր Յուրի Կոստյուկը (738 մլն դոլար) զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:
Վեցերորդից յոթերորդ դիրքն է տեղաշարժվել DCH Group-ի սեփականատեր Ալեքսանդր Յարոսլավսկին (734 մլն դոլար), իսկ 18-րդ դիրքից ութերորդն է բարձրացել Ferrexpo-ի սեփականատեր Կոնստանտին Ժեւագոն (635 մլն դոլար): Առաջվա պես իններորդ տեղն զբաղեցնում է Group DF-ի սեփականատեր Դմիտրի Ֆիրտաշը (623 մլն դոլար):
Ըստ հրատարակության վարկածի, վարկանիշի նոր մասնակիցներն են դարձել «Ինտեր» հեռուստաալիքի համասեփականատեր Վալերի Խորոշկովսկին, որը 356 մլն դոլար կարողությամբ եզրափակում է ուկրաինացի հարուստների քսանյակը, «Իմեքսբանկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Կլիմովը (71-րդ տեղը, 75 մլն դոլար) եւ Կրյուկովյան վագոնաշինական գործարանի համասեփականատեր Վլադիմիր Պրիխոդկոն (83-րդ
տեղը, 62 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: