«Պայքարը կգնա «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» միջև». Սոցիոլոգ

«Պարզ է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը Երևանի ավագանու ընտրություններում հաջողություն է ունենալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վստահություն հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նկատեց, որ պառլամենտական ընտրություններին Երևանի 850 հազար ընտրողներից ընտրությանը մասնակցել են 500 հազարը՝ 58 տոկոսը, և, ըստ նրա՝ պարզ է, որ ավագանու ընտրությունների մասնակցությունն ավելի նվազ կլինի:

«Եթե ընդունենք, որ ՀՅԴ-ի ձայները, որպես կոալիցիայի անդամ, կանցնեն ՀՀԿ-ին, ուրեմն՝ 54 տոկոս կանխատեսված է ՀՀԿ-ի համար: «Ծառուկյան» դաշինքի էլեկտորատը 21 տոկոս ուներ Երևանում, այնտեղ կան իշխանամետ ընտրողներ և ընդդիմադիր. եթե իշխանամետները գան ընտրության, ապա ՀՀԿ-ին կտան: Մնացած ձայները, եթե նույնիսկ լրիվ անցնեն «Ելքին» կամ «Երկիր Ծիրանիին», մեկ է, իրենք պարտվում են, այսինքն՝ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսված է արդեն Ազգային ժողովի ընտրությունների ձայներով»,- նշեց սոցիոլոգը:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ դժվար թե ընտրողները մանրամասն ուսումնասիրեն նախընտրական ծրագրերը, կարգախոսները և այլն.

«Այստեղ ամենահայտնի քաղաքական գործիչը մնում է Փաշինյանը, բայց ազդեցության առումով՝ մնում է Տարոն Մարգարյանը, նա իշխանական թևի երրորդ դեմքն է՝ նախագահից, վարչապետից հետո: Ոչ մի նախարարի ընտրողները չեն նշել՝ որպես ազդեցիկ, խոստումները կատարող քաղաքական գործիչ, իսկ Տարոն Մարգարյանին նշել են:

Նիկոլ Փաշինյանը 3 անգամ գերազանցում է իր քաղաքական ազդեցությամբ Զարուհի Փոստանջյանին: Եթե մենք ամփոփենք տվյալը, այնտեղ թեժ պայքար չի սպասվում, քանի որ քաշային կատեգորիաները տարբեր են: Մենք ունենք գերծանրային խաղացող՝ ՀՀԿ-ն, թեթևագույն՝ Զարուհի Փոստանջյանն է, կիսաթեթև կամ կիսածանր՝ «Ելք» դաշինքը:

Հետևաբար, պայքարը կգնա «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» մեջ՝ ընդդիմադիր ձայներն իրենց կողմը քաշելու համար: Հնարավոր է, որ ավագանու 2/3-ը պատկանի ՀՀԿ-ին, 1/3-ը կիսեն «Ելքը» և Զարուհի Փոստանջյանը՝ ոչ հավասար չափով»:

Տեսանյութեր

Լրահոս