«Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է». Փոստանջյանը՝ ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորման մասին. «Ազատություն»

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ռուսաստանաբնակ գործարար, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մամուլն այսօր գրել է, թե Փոստանջյանը միլիարդների կարողություն ունեցող գործարարի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից: Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ»-ը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ:

 – Նախ պետք է ասեմ, որ, իհարկե, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է, և հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով մեծ մտավորական է նաև։ Ոչ միայն գործարար է, այլ նաև ղեկավարում է և ստեղծել է, հիմնադրել է թանգարան Մոսկվայում, և իմ ընկերն է։ Բայց, ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք աջակցություն կարող ենք ստանալ ցանկացած հայից, որովհետև մեզ ցանկանում են աջակցել բազմահազար հայեր, և այդ մասին նրանք նաև հայտնում են մեզ հենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ աշխարհի տարբեր ծայրերից, այնպես որ, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկերն է, բայց ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք աջակցություն ակնկալել և ստանալ բազմաթիվ հայերից՝ աշխարհի տարբեր ծայրերից։

– Բայց նրանից նույնպե՞ս ֆինանսական աջակցություն ստացել եք։

Ո՛չ, նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է։

– Նա ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Նորից ընդդիմադիր հայացքներ ունի՞ ինչպես Դուք, նա կիսո՞ւմ է Ձեր ընդդիմադիր հայացքները։ Որովհետև սովորաբար ռուսաստանաբնակ գործարարները իշխանամերձ են լինում։

Կարծում եմ, որ Դուք տեղեկացված եք, որ նրա կողմից հրապարակվեց մի հայտարարություն, որը վերաբերվում էր Հայաստանի գործող իշխանություններին։ Իհարկե նա այստեղ նաև իր բարեգործությունն է իրականացրել, բայց միայն բարեգործություններով հնարավոր չէ երկիրը ուղղել կամ շտկել, կամ տնտեսական վիճակը բարելավել։ Նա հասկանում է, որ քաղաքական համակարգը պետք է փոխվի, և այդ մասին նա նաև հրապարակավ ելույթ է ունեցել։

– Նա որևէ առումով կապ չունի՞ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական։

Նա լավագույն ընկերն է, կարծում եմ նաև իմ գաղափարական հայացքները կկիսի, որովհետև մենք իր հետ ընկերներ ենք և խոսել ենք այս ամենի մասին։

– Տիկին Փոստանջյան, պարզ է բոլորին է, որ այսօր քաղաքականությունը, կուսակցություն պահելը բավականին լուջ ֆինանսներ է պահանջում, և նաև առաջիկայում ավագանու ընտրություններն են, նորից բավական գումարներ անհրաժեշտ կլինեն, որտեղի՞ց եք հայթայթում այդ գումարները։

Համայն հայությունը հետաքրքրված է՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, և երբ մենք ներկայացրեցինք մեր քաղաքական հայտը, ապա աջակցության վերաբերյալ հայտերն, իրենց կողմից հայտարարությունները և կապը բազմաթիվ է, նրանք ցանկանում են մեզ աջակցել և պատրաստ են այդ աջակցությունը ցուցաբերել։ Ես ստանում եմ տարբեր հեռախոսազանգեր և նամակներ, մեր հայրենակիցները իրոք սրտացավ են մեր հայրենիքով և հասկանում են՝ եթե այս պահին հայրենիքին սատար չկանգնեն՝ հենց քաղաքական տեսանկյունից, քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեն, ապա մենք հնարավոր է նաև կորցնենք մեր հայրենիքը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս