«Եթե ստեղծվի մի իրավիճակ, որ «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» համագործակցության արդյունքում ՀՀԿ-ն կորցնելու է Երևանը, ապա այդպիսի համագործակցություն կլինի»
«Ելք» դաշինքն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ամբողջ ընդդիմադիր դաշտի էլեկտորատը կենտրոնացնեն «Ելքի» շուրջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով ավագանու ընտրություններում առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ավագանու ընտրություններին չմասնակցող ընդդիմադիր ուժերի հետ իրենց աջակցելու վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին: Միաժամանակ նա նշեց, որ որևէ քննարկում, բանակցություն այլ ուժերի հետ դեռ չեն ունեցել:
Մեր այն հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ այդ ուժերի էլեկտորատներն ինչպե՞ս են բաշխվելու ընտրություններին մասնակցող ուժերի միջև, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Կարծում ենք, որ մեր գործողությունները միտված են լինելու նաև այն ուղղությամբ, որպեսի դաշտի առնվազն ամբողջ ընդդիմադիր էլեկտորատը կենտրոնացնենք «Ելքի» շուրջ, ինչը նաև թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել ՀՀԿ-ի դեմ: Կարծում եմ՝ ցանկացած ուժ էլ իր գործունեության ընթացքում փորձում է առավելագույն կոնսոլիդացիա ապահովել, իսկ նման քիչ թվով ուժերի մասնակցությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ կոնսոլիդացիան ավելի հստակ ապահովելու համար, որովհետև, համենայն դեպս, չկան ընդդիմադիր դաշտում խաղացող ուժեր, որոնք լղոզում են դաշտը և շեղում են պայքարից»:
Մեր ճշտող հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ այդ ընդդիմադիր էլեկտորատը կբաժանվի երկու մասի, քանի որ երկու ընդդիմադիր ուժեր են առաջադրված, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Մենք ամեն ինչ արել ենք, որ «Երկիր Ծիրանիի» հետ միասին գնանք մեկ ցուցակով և նույնիսկ առաջարկել ենք առաջին համարը տիկին Զարուհի Փոստանջյանին, ինքը բացատրություն տվել է, թե ինչու է մերժել, ես դրան ավելացնելու բան չունեմ: Թե ինչպե՞ս կբաշխվի ընդդիմադիր էլեկտորատը, սրա հետ կապված մեկնաբանություններ անելն այս պահին ժամանակավրեպ եմ համարում»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ հետընտրական փուլում երկու ընդդիմադիր ուժերը միավորվեն և մեկ միասնական քաղաքապետի թեկնածու առաջադրեն: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց. «Սա իմ անձնական կարծիքն է, բայց վստահ եմ, որ իմ գործընկերներ ևս կկիսեն այս կարծիքը, որ, եթե ստեղծվի մի իրավիճակ, որ մեր համագործակցության արդյունքում ՀՀԿ-ն կորցնելու է Երևան քաղաքը, ապա այդպիսի համագործակցություն կլինի»: