Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում. Եվրահանձնաժողով
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Նախօրյակին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: