Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դպրոցի կողմից արված առաջարկը վերջնականապես կհաստատվի Երևանի ավագանու առաջիկա նիստում:
Ավելի վաղ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով, որ ապրիլի 18-ին Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով:
«Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»,-գրել է Անահիտ Բախշյանը: