ՀՔԾ-ն կնոջը մեղադրանք է առաջադրել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ ԱԺ 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` 02.04.2017թ.-ին, Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանին, մոտեցել է նրան և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն վերջինս շարունակել է իրականացնել իր լիազորությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
Այսպիսով, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: