Ֆրանսուա Ֆիյոնը խոստանում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները: Այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում:
«Կարևոր է հազարավոր զոհերին չմոռանալը: Այս ցեղասպանության զոհ դարձան Օսմանյան կայսրության արևելյան` Փոքր Ասիայի նահանգներում բնակվող շուրջ 1.5 միլիոն հայեր, որը կազմում էր հայ բնակչության շուրջ երեք չորրորդը»,-նշել է
Ֆիյոնը` ընդգծելով, որ Ֆրանսիայում պաշտոնապես ընդունված նման հիշատակի օրերը տասնմեկն են, այդ թվում` ապրիլի 24-ը: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հիշեցրել է, որ այդ երկիրը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռևս 2001թ-ի հունվարի 29-ին:
«Ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Ֆրանսիայի Հանրապետությունն այն նաև խորհրդանշորեն ամրագրել է մարդկության կոլեկտիվ հիշողության մեջ»,-ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:
Նրա խոսքով` ճանաչումն, այնուամենայնիվ, չի կարող լինել վերջնական ձեռքբերում, անհրաժեշտ է կատարել նաև հաջորդ քայլը. «խուսափելու համար ֆրանսիական օրենքներով ճանաչված ցեղասպանությունների զոհերի ու նրանց ժառանգների հանդեպ անհավասար վերաբերմունքից ու հիշողության մրցակցությունից»:
Ֆիյոնը հիշեցրել է, որ Շոայի զոհերի ժառանգները ժխտողականությունից պաշտպանվել են օրենքով, ինչը չի արվել հայկական ծագմամբ շուրջ 500 հազար ֆրանսիացիների դեպքում, ովքեր հաճախ պաշտպանել են Ֆրանսիան իրենց արյամբ:
«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առերեսվել են եզակի մի երևույթի` պետական ժխտողականության: Թուրքիան մեծ սխալ է գործում իր անցյալին չառերեսվելով: Բոլոր ազգերն ունեն իրենց ստվերը և հաղթանակում են դրանք ճանաչելով», շեշտել է Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն:
Նրա խոսքով` Ֆրանսիան պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, ուստի ցեղասպանության ժխտողականության քրեականացման համար պետք է վերսկսել օրենսդրական գործընթացը: «Ժխտողականության դեմ այս պայքարը պետք է ի վերջս ավարտին հասցնել պատգամավորների ու սենատորների մոբիլիզացման միջոցով», ամփոփել է Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելոց ԺանԼյուկ Մելանշոնը: