Բաժիններ՝

Արմեն Ամիրյանը՝ Օպերային թատրոնի ռեստորանի, քարանձավների վարձակալության մասին

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որ նվիրված էր «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի մեկնարկին, խնդրահարույց հարցեր հնչեցին նաև Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կառուցվելիք ռեստորանի, ինչպես նաև՝ թատրոնի ներսում նախատեսվող շոգեբաղնիքի վերաբերյալ: Ի պատասխան՝ նախարար Ամիրյանը միայն հաստատեց՝ Օպերային թատրոնի ներքին միջավայրի շուրջ կատարվելիք բարեփոխումների մտադրությունները չեն փոխվել:

Անդրադառնալով երկար շահարկումների առիթ տված հարցի քննարկմանը՝ Արմեն Ամիրյանն առաջարկում է հարցին նայել ոչ թե հանրության որոշակի շերտի պատկերացումների շրջանակում, այլ Օպերային թատրոնի ընդհանուր խնդիրների լուծման համատեքստում, և մանրամասնում է.

«Ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունն իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է պատկերացնել ռեստորանը և այն ենթակառուցվածքները, որոնք նախաձեռնում ենք ստեղծել Օպերային թատրոնում: Ես հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացողությունը: Չի′ կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, որոնց մասին գրում են սոցցանցերում»:

Անդրադառնալով նաև ասուլիսի ընթացքում հնչած մեկ այլ խնդրահարույց թեմայի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի հայտարարման արձագանքներին, նախարարը պարզաբանումներ է մտցնում՝ ցանկացած քարանձավի կամ պատմամշակութային հուշարձանի պահպանությունը կարելի է պատշաճ մակարդակով իրականացնել, եթե դրա շահագործումն իրականացվի ճիշտ կանոններով, իսկ քարանձավները վարձակալության են տրվում միայն զբոսաշրջությունը զարգացնելու միտումով: Նախարարը հարց է բարձրացնում՝ հիմա, այս պահին դրանք պատշա՞ճ մակարդակով են պահպանվում, ո՛չ։ Ավելին՝ այսօր որոշ մարդիկ քարանձավներով ապօրինի գումար են աշխատում, հավելում է Արմեն Ամիրյանն ու մանրամասնում.

Կարդացեք նաև

«Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումարներ են վերցնում, որ զբոսաշրջիկներին մտցնեն այնտեղ: Իսկ ովքե՞ր են գումար վերցնողները, գիտե՞ք, կամ ո՞վ ունի դրա իրավունքը: Նրանք ապօրինաբար տոմսեր են վաճառում, դրա միջոցով գումար վաստակում։ Ո՞վ է դա վերահսկում՝ ոչ ոք»:

Տեղեկացնենք, որ վաղը Մշակույթի նախարարությունում նախարար Ամիրյանի գլխավորությամբ տեղի կունենա հանդիպում-քննարկում, որի ընթացքում թեմայի առնչությամբ բոլոր կողմ և դեմ կարծիքներ ունեցողները կհնչեցնեն և կպարզաբանեն իրենց մտահոգությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս