Վրաստանի նախագահը հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին «հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել եւ պատրաստակամություն է հայտնում քննարկել դիվանագիտական ոլորտի ցանկացած հարց»: Այդ մասին ասված է Սուխում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 18-ին
մեկնարկող այցի առթիվ պետության ղեկավարի հայտարարության մեջ:
Մարգվելաշվիլին «խիստ անհանգստացած է ռուսական կողմի գործողություններից՝ ի պատասխան Վրաստանի կառավարության ռազմավարական համբերության քաղաքականության եւ իրադրության կայունացման ուղղությամբ Թբիլիսիի կառուցողական քայլերի»:
«Ռուսաստանի Դաշնությունը դրան պատասխանում է Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական գործողություններով, որոնք էլ ավելի են սրում առկա իրադրությունը»,-ասված է փաստաթղթում:
Պետության ղեկավարը հայտարարել է, որ «Վրաստան օտարերկրյա պետության ներկայացուցչի այցը եւ երկրի տարածքում ցանկացած ներկայացուցչության գործունեությունը հնարավոր է միայն Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ»:
«Հակառակ դեպքում այդօրինակ գործողությունները Վրաստանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,-նշել է նախագահը:
Նա կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ «խստիվ դատապարտել ՌԴ-ի այսպես կոչված «արտոնյալ շահերի քաղաքականությունը» եւ խոչընդոտել Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական ոտնձգությանը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: