Դավութօղլուի նախկին խորհրդական Մահչուփյանը դեմ կքվեարկի Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին
Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:
Այս մասին նա հոդված է հրապարակել Karar պարբերականում: Նշելով, որ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ կողմ է քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` Մահչուփյանն ընդգծել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունները վնաս են հասցնելու հենց
կուսակցությանը, ինչպես նաև ողջ Թուրքիային:
«Ես լիովին համոզված եմ, որ Թուրքիայում խորհրդարանական համակարգը հետընթաց է ապրել, որ դրա շարունակականությունը ոչ ոքի օգուտ չի բերի: Մշտապես կողմ եմ եղել նախագահական համակարգին, սակայն այս հանրաքվեի ժամանակ «ոչ» եմ քվեարկելու, քանի որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ հակասում է նախագահական
համակարգի ոգուն:
Այս նախագիծը չարաշահումների համար բաց մեկ մարդու համակարգ է հաստատում: Այն, որ նախկին համակարգը վատն է, օրինական չի դարձնում մեր կողմից ևս մեկ վատ համակարգի հաստատումը: Բացահայտ սխալը որպես ճշմարիտ պաշտպանելը բարոյական չէ, և ի վերջո, ղեկավարման այս մոդելը կվնասի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, պահպանողականներին և Թուրքիային»,-նշել է Մահչուփյանը: