ՔԶԱԿ-ը Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին:
ՔԶԱԿ-ի պատվիրակությունը կորոշի, թե օգտագործվել է արդյոք քիմիական զենք, եւ 3-4 շաբաթվա ընթացքում ստացված տվյալները կհանձնի ՄԱԿ-ՔԶԱԿի համատեղ հետաքննությանը, որն զբաղվում է այն անձանց եւ կազմակերպությունների բացահայտմամբ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան նամակ է հղել ՔԶԱԿ՝ նրան հրավիրելով ստուգելու Խան Շեյխունում քիմիական զենքի առկայությունը, որտեղ ենթադրաբար այն կիրառվել է, եւ կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազա, որին ԱՄՆ-ը հարված է հասցրել՝ այնտեղ քիմիական զենքի առկայության պատրվակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: