Բաժիններ՝

Լապշինի մոտ տախիկարդիա է հայտնաբերվել. ահազանգում է բլոգերի կինը

Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:

«Երեկ չէ առաջին օրը Սաշան ինձ զանգահարեց քննչական մեկուսարանի սանիտարական բաժնից, որտեղ նրան տեղափոխել են տախիկարդիայով: Սաշան նախկինում երբեք սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, բայց այժմ ունի»,­-նշել է Եկատերինան` դիմելով Ադրբեջանի արդարադատության նախարարությանն ու պահանջելով մեկնաբանել, թե ինչու է նրա հետ նման բան պատահել:

Լապշինի կինը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, թե ինչպես են Ադրբեջանի ուժային կառույցները պատասխանում իր հարցումներին:

«Գիտեք, վերջին շրջանում շատ հետաքրքիր իրադրություն է ստեղծվել Ադրբեջանի ուժային կառույցների հետ իմ շփումների պլանում: Ես հարցում եմ ուղարկում այդ երկրի այս կամ այն գերատեսչությանը, սակայն ուղղակի պատասխան չեմ ստանում, փոխարենը երկու­երեք օր անց այդ պատասխանը հայտնվում է Ադրբեջանի ԶԼՄ­-ներում»,­-պատմել է Լապշինի կինը:

Նասիմինի շրջանի դատարանը ապրիլի 7-­ին երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքի ժամկետը: Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-­ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5­-8 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս