«Ֆրանսիայի հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու»
Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ կուսակցություններ, ամեն մեկն ինքը կորոշի ում օգտին ձայն տա: Ի դեպ, նույն մոտեցումը կա նաև հրեաների, հույների և այլ ազգերի համայնքներում»,- ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության դիրքորոշմանը, ապա Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցությունն առաջին փուլում որևէ թեկնածուի չի ստարելու: Դաշնակցությունը կսպասի երկորրդ փուլին, երբ պարզ կդառնա, թե առաջադրված որ գործիչներն են հաղթահարել անցողիկ շեմը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզարշավին, դրանում հայկական հարցերի շեշտադրմանը` Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ առանձնապես նոր շեշտադրումներ չկան:
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,-ասաց նա:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ մի քանի թեկնածուներ ունեն հնարավորություն հաղթահարելու անցողիկ շեմը և հայտնվելու երկրորդ փուլում, մասնավորապես, Ֆրանսուա Ֆիյոնը, Բենուա Ամոնը, Էմանուել Մակրոնը, Մարին Լե Պենը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: