Բաժիններ՝

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Տիեզերական հավելվածների մրցույթը՝ NASA SPACE APPS CHALLENGE-ը

Հայաստանն արդեն երկրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին:

Նշենք, որ Nasa Space Apps Challengy-ը մրցութային ֆորմատ է, որտեղ 48 ժամվա ընթացքում մասնակիցները վերջնական տեսքի են բերում և ներկայացնում իրենց նորարարական լուծումները: Հայաստանում այս մրցույթն անցկացվում է 24 ժամում: Մրցույթի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը կմշակեն և նախ՝ տեղական, այնուհետև՝ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

Այս տարի մասնակիցները մրցելու են հինգ թեմաներով՝ «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր Էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք»:

Միջոցառմանը կարող են մասնակցել թե՛ անհատները, և թե՛ թիմերը:

Մասնակիցները պետք է ստեղծեն մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն, մարտահրավերների լուծումներ առաջարկել՝ օգտագործելով NASA-ի և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ մասնակիցները կարող են նաև մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար, ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:

Այս տարի Հայաստանում մրցույթն անցկացվելու է 2017 թվականի ապրիլի 29-30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս