Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում։
Խոսքը վերաբերում է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր եւ ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ:
Սույն միջոցը տարածվում է տուրիստական կամ գործարար ուղեւորությունների վրա եւ ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված է փաստաթղթում: Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: