Իդլիբի ողբերգությունը կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին. Կրեմլ
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին: Այս կարծիքը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Անտարակույս, գոյություն ունեն ուժեր, որոնք բանը տանում են Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական ղեկավարության ապաօրինականացման: Եվ գոյություն ունեն ահաբեկչության ուժեր եւ նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ում է ձեռնտու օգտագործել քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ կապված իրադրությունը:
Պեսկովը նաեւ նշել է, որ միջադեպի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն էապես չեն ազդի Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների բնույթի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, որ Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում է Դամասկոսին:
«Ես կարծում եմ, որ դա շատ ցավալի օր է Ռուսաստանի համար, քանի որ նրանք (ռուսաստանցիները) կանգնած են միասին (Դամասկոսի հետ), իսկ այս դեպքում ամբողջ տեղեկատվությունը ցույց է տալիս է, որ դա արել է Սիրիան»,-ասել է նա:
«Ինչո՞ւ են նրանք դա արել, ո՞վ գիտե»,-հավելել է նախագահը: «Դա Սիրիայում չպետք է լիներ»,-նշել է նա՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի համար եկել է ժամանակը մտածելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտպանության նպատակահարմարության շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: