Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը Օլանդին վատ նախագահ է համարել
Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում է «վատ նախագահ»: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության հարցման՝ ապրիլի 6-ին հրապարակված արդյունքները:
Մասնավորապես, հարցման մասնակիցների 83 տոկոսը դժգոհ է Օլանդի տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունից: Փոխարենը հարցվածների 54 տոկոսը դրական է գնահատել Ֆրանսիայի գործող նախագահի ներդրումն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասն Օլանդի հնգամյա նախագահական ժամկետի նշանակալի իրադարձությունը համարել է այն բարեփոխումը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Օլանդը Ֆրանսիայի միակ նախագահը չէ, որի ժողովրդականությունը հասել է այսչափ ցածր մակարդակի:
Այսպես, 2011 թվականին, ընտրություններից մեկ տարի առաջ, ֆրանսիացիների 73 տոկոսը Նիկոլա Սարկոզիին համարում էր վատ նախագահ: Odoxa ընկերության հարցումն անցկացվել է ապրիլի 5-ին, դրան մասնակցել է ավելի քան հազար մարդ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Օլանդն ավելի վաղ հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել նախագահի պաշտոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: