Վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար ժամկետն ավարտվել է, նա հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել կարճաժամկետ ծրագրի հաշվետվություն, մեկամսյա ժամկետում` ոլորտային զարգացման հնգամյա ծրագիր և, հաշվի առնելով հանրութան հետ հետադարձ կապի անհրաժեշտությունը, հանրությանը պարբեաբար ներկայացնել տեղեկատվություն:
«Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,- ասաց վարչապետը` նշելով, որ 97 համայնք չի սպասարկվում երթուղիներով:
Կ.Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց, քանի որ տրանսպորտային ցանցի բարելավումը կապված է ճանապարհների վիճակի հետ, որոնց շուրջ եղել են քննարկումներ, սահմանել խնդրի լուծման վերջնաժամկետներ:
Նա հանձնարարեց երեք շաբաթում ամփոփել ճանապարհնեի բարեկարգման հարցը, ակտիվացնել շինարարական և վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև ներկայացնել ճանապարհների պահպանման հիմնադրամի հիմնավորումները և ֆինանսական աղբյուրները:
Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի վերաբերյալ Կ.Կարապետյանը նշեց, որ շատ են խոսել ՏԻՄ մասին. «Եթե չունենանք այնտեղ էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես չենք կարողանալու վիճակը փոխել: Այդ պատճառով մեկ ամիս է, ստեղծել ենք նախարարությունում վերլուծական կենտրոն»:
Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկ շաբաթում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կազմակերպել քննարկում:
Ըստ վարչապետի` խորհրդակցության ժամանակ նաև կհայտարարեն մարզպետների ընտրության կարգը և Ամերիկյան համալսարանում դասընթացների սկիզբը.
«Վերլուծական կենտրոնը պետք է համանման համայնքներում բյուջեների անհամաչափությունը վերլուծի: Եթե մենք դա թվայնացրել ենք, ապա էն կարմիր լամպերը պետք է էսօր վառվեն»:
Կ.Կարապետյանը ԱԻՆ և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց հակակարկտային կայանքների աշխատանքի որակի բարձացման ուղղությամբ ներկայացնել արդյունավետության բարձրացման աշխատանքների մասին առաջարկություններ, միաժամանակ հնարավոր դարձնել այլընտրանքային լուծումները` ցանցային և այլն:
Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց նաև պատարստվել ապրիլի կեսերին սպասվող թուրքմենստանի պատվիրակության այցին. «Ես սիգնալներ ունեմ, որ իրանք լուրջ աշխատում են»:
Նա նաև նշեց, որ այս շաբաթ օրը կազմակերպում են խորհրդակցություններ, նաև սկսելու են այցելություններ նախարարություններ. «Հաջորդ շաբաթ առաջին այցը կկայանա գյուղատնտեսության նախարարություն»: