«Ծառուկյան» դաշինքը վախենում է Երևանում պարտվել «Ելք»-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ պետական հիմնարկների աշխատողներին բերում են մարտական պատրաստվածության՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այս օրերին արդեն ընտրողների թարմացված, խորհրդարանական ընտրությունների մաղով անցած ցուցակներն ուղարկում են դպրոցների տնօրեններին, որպեսզի տեսնեն, թե իրենց ծնողներից, աշխատակիցներից քանի հոգի է ռեալ ընտրող։
Ընտրողների ցուցակից հետո կուղարկեն նաեւ երկրորդ ցուցակը, թե թեկնածուներից ում օգտին են աշխատելու։ Թեեւ դիմումների վերջնաժամկետն ապրիլի 9-ն է, սակայն քաղաքական ուժերը դեռ ընտրական շոկի մեջ են եւ չեն կարողանում կազմակերպվել ու ցուցակ ներկայացնել։
Երեկ, օրինակ, նման քննարկումներ էին առնվազն երկու դաշինքներում՝ «Ելք», «Ծառուկյան» դաշինք։ Եթե «Ելքում» հնարավոր է կրկին քվեարկությամբ որոշեն իրենց քաղաքապետի թեկնածուին, քանի որ 3 լիդերներից երեւանյան գրանցում ունեցող Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի առաջադրվել, ապա «Ծառուկյան» դաշինքում Խաչատուր Սուքիասյանի մերժումից հետո կատարյալ անորոշություն է։
Այստեղ մտավախություն ունեն, որ «Ելքը», որը Երեւանում մեծ թվով ձայներ է ստացել, հաղթի իրենց։ Չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքն ուժեղ է մարզերում, այլ ոչ թե Երեւանում, ուստի հնարավոր է, որ հակվեն Երեւանի ընտրություններին ընդհանրապես չմասնակցելուն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: