Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պետերբուրգի պայթյունը որակել է որպես ահաբեկչություն
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին: Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից:
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է պայթյունի արդյունքում տուժածների թվում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայությունը: