«Մեզ համար մրցակիցների երկու դաշտ է եղել». Արմեն Աշոտյան

«ԿԸՀ-ն երկու ժամ առաջ հայտարարեց, որ մասնակցությունների թիվը  1մլն 300 հազար է, ճի՞շտ է, այս պահի դրությամբ՝ 1 մլն 500 հազար կլինի մոտավորապես. Եթե ունենք 8900 ահազանգ, ապա 1.5 մլն մասնակցության պարագայում այդ 8900 ահազանգը կկազմի մոտ 0.7%: Հետևաբար, անգամ այդ 7% ահազանգի օբյեկտիվ լինելու դեպքում՝ մենք ունենք 99.3%-անոց մաքուր ընտրություն»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիման ընթացքում, ընդդիմադիր դաշտից հնչող այն մեղադրանքներին ի պատասխան, թե ընտրախախտումների մեծ մասի հեղինակը ՀՀԿ-ն է, նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ անգամ «ֆեյլք լուրերի» քանակը չկարողացավ ստվերել ընտրությունների որակը։ «99%-անոց արդյունքի մասին մենք ուղղակի կարող էինք երազել։ Ես ուրախ եմ, որ այդ երազն այսօր դառնում է իրականություն»,-ասաց նա։

Հարցին՝ ՀՀԿ-ն ո՞ւմ է դիտարկում՝ որպես հիմնական մրցակից, նա այսպես պատասխանեց. «Մեզ համար մրցակիցների երկու դաշտ է եղել. առաջին՝ Հայաստանի չլուծված խնդիրները, որոնց լուծման համար մենք առաջարկել ենք, ըստ մեզ՝ ամենաիրատեսական և մրցունակ ծրագիրը, և երկրորդ՝ բոլոր քաղաքական ուժերը։ Քաղաքական  պայքարն այնպիսին էր, որ իրականում տեղեկատվական պատերազմ էր բացառապես մեր դեմ։ Բայց մեծ հարց է՝ մեր դեմ իրականացվող քարոզարշավը ումից ուր տարավ ձայները»։

Իսկ հարցին՝ ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատժելու արջի ծառայություն մատուցողներին, մասնավորապես՝ Հակոբ Բեգլարյանին, որի շտաբում բռնություն է կիրառվել լրագրողների նկատմամբ, նա այսպես պատասխանեց. «Պատժել պետք է մեղավորներին, մեղքը պետք է ապացուցվի օրենքով, և այդ գործառույթը պետք է ստանձնի պետության ներսում դրա համար պատկան մարմինը»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս