«Պետք է ամեն մի կրակոցին կրակոցով պատասխանենք»․ Մանվել Եղիազարյան. tert.am

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով վերջին օրերին Արցախի սահմաններում ստեղծված լարվածության մասին, նշեց, որ իրավիճակը կարելի է կապել ամեն ինչի հետ: Tert.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ դա կարող է պայմանավորված լինել Խոջալուի դեպքերի հիշատակման հետ․ «Գուցե փորձում են ցույց տալ, որ Խոջալուն պատահականություն էր, որ իրենք մազապուրծ չեն փախել, քաջ են: Կարող է լինել Սումգայիթ, կարող է լինել նաև ուրիշ բան, որ Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը՝ անընդհատ կտցահարելով մեր սահմանները, մեր երեխաներին սպանելով, որ մենք մտածենք՝ Ադրբեջանը մեզնից ուժեղ է»,- ասաց նա:

Ըստ Մանվել Եղիազարյանի՝ սահմանում անընդհատ լարվածությունը կարող է պայմանավորված լինել Հայաստանի ներքաղաքական վիճակով, երբ մարդիկ ասում են, որ Արցախի յոթ շրջանները մեզ պետք չեն, մենք պետք է զիջենք: «Նրանց իրավացիությունը Ադրբեջանն ուզում է ապացուցել, որ արդեն Հայաստանում նման տրամադրություններ կան»,- նկատեց «Արաբոյի» հրամանատարը:

Մանվել Եղիազարյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածները տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիվ է, իսկ Հայաստանը՝ պասիվ: «Իսկ եթե մարդը նահանջի տրամադրություն ունի, նրան նահանջի տեղ թողնում են: Մենք անընդհատ նահանջում ենք, իսկ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվանում է և աշխարհին, արցախյան հիմնախնդիրը լուծողներին ուզում է մատնացույց անել, որ տեսեք, ես պատերազմ կարող եմ հրահրել,ռեգիոնալ վիճակը դուրս կգա կանտրոլից, աշխարհ, դու հասկացիր, որ ես այլընտրանք չունեմ: Իհարկե, սա ամբողջությամբ ազդում է արցախյան հակամարտության բանակցությունների վրա»,- նկատեց նա:

Մանվել Եղիազարյանը վերհիշեց 1990-ականները, երբ «ծեծում էին ազերիներին», Հայաստանի համար բանակցությունները, ըստ նրա, այդ ժամանակ վարելը շատ հեշտ էր: «Հիմա Հայաստանը պետք է պատասխան տա այն ձևի, ինչպիսին Ադրբեջանն է ուզում: Պետք է ամեն մի կրակոցին կրակոցով պատասխանենք և ասենք, որ ուզած ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում, եթե Ադրբեջանը կրակի, բանակցությունները դադարեցնելու ենք, մենք էլ կրակենք»,- ասաց նա՝ հավելելով՝ այդպես աշխարհին կարող ենք հասկացնել, որ կրակոցով խնդիրը չի լուծվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս