Բաժիններ՝

«Ռուսաստանը վաղ թե ուշ հետ կկանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը». Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ հետ կկանչի Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ճանաչումը՝ որպես անկախ պետություններ: Նման կարծիք Աբաշիձեն հայտնել է Թբիլիսիի Starvision հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։

Պատասխանելով Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին հարցին, որոնք Թբիլիսին խզել էր՝ ի պատասխան 2008թ. Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման, Աբաշիձեն նշել է, որ այդ հարցը օրակարգում դրված չէ:

«Մենք հիմա չենք կարող վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և օրակարգում ոչ մի կերպ դրված չէ առաջընթացը այն խնդիրների լուծման հարցում, որոնք կապված են մեր կոնֆլիկտային շրջանների հետ»,- ասել է Աբաշիձեն:

Դիվանագետն ընդգծել է, որ «վերականգնելով դիվանագիտական հարաբերությունները՝ Վրաստանը կընդուներ իրավիճակը, որը ռուսական կողմն անվանում է «նոր իրականություն»»:

«Անկասկած, նրանք շահագրգիռ են, որպեսզի Վրաստանը հաշտվի այն իրավիճակի հետ, որ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան անկախ պետություններ են: Իսկ մենք նրանց ասում ենք, որ դրա հետ երբեք չենք հաշտվի»,- ասել է Աբաշիձեն:

Վրացի դիվանագետը մատնանշել է, որ վերջիններս 95 տոկոսով կախված են Ռուսաստանի պետբյուջեից, այնտեղ կանգնած են ռուսական զորքերը, որոնք մշտապես զորավարժություններ են անցկացնում, նաև Թբիլիսիի մերձակայքում, իսկ Ռուսաստանը չի իրականացնում պարտավորությունները, որոնք ստանձնել է 2008թ.՝ գնում է այդ շրջանների ռազմականացման ճանապարհով, որտեղ առևանգում են մարդկանց ու խախտվում է վրացի բնակչության իրավունքը:

Նա ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների համար նախադրյալներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, եթե առկա իրավիճակը փոխվի դեպի լավը, հայտնվի դրական դինամիկա այդ հակամարտությունների կարգավորման հարցում:

Նա դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք վրացական կողմը հնարավոր է համարում Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հետկանչումը:

«Կարծում եմ՝ դա հնարավոր է և դա այդպես էլ կլինի ի վերջո: Ես չգիտեմ՝ արդյոք դա կլինի այս տարի կամ 5 տարի անց, սակայն ես վստահ եմ, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա»,- ասել է Աբաշիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս