«Ատլետիկո» – «Բարսելոնա». Խաղից առաջ
Այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին տեղի կունենա Իսպանիայի առաջնության ամենասպասված դիմակայություններից մեկը: Իսպանիայի Լա Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» կփորձի հաղթահարել կատալոնական «Բարսելոնայի» արգելքը:
Ո՞վ է ֆավորիտը
Լա Լիգայի հերթական խաղային օրվա կենտրոնական հանդիպման ֆավորիտի կարգավիճակում կատալոնական ակումբն է, ով պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար: Կատալոնացիները միայն մեկ միավորով են զիջում մադրիդցիներին, ովքեր, սակայն, անցկացրել են մեկ խաղ ավելի քիչ:
Դիեգո Սիմեոնեյի սաները ունեն մի ուրիշ խնդիր: Այս տարի մադրիդյան ակումբը չի կարողանում անգամ ապահովել Չեմպիոնների լիգայի գոտում իր տեղը: «Ատլետիկոն» 23 տուրերից հետո ունի 45 միավոր և 6 միավոր զիջում է իր այսօրվա
մրցակցին:
Նախորդ տուրում Դիեգո Սիմեոնեյի սաները 4:1 հաշվով հաղթեցին «Սպորտինգին»: Ընդ որում՝ մինչև 80-րդ րոպեն հաշիվը հավասար էր:
Հետաքրքիր է, որ սեփական հարկի տակ վերջին 28 խաղերում մադրիդյան ակումբը պարտվել է միայն 1 անգամ, 22 անգամ հաղթանակ է տոնել և 5 անգամ խաղացել է ոչ-ոքի: Սակայն, պետք է նշել, որ վերջին 5 խաղերից 3-ում «Ատլետիկոն» պարտվել է հենց «Բարսելոնային»:
«Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ խաղին մոտենում է «Լեգանեսին» 2:1 հաշվով հաղթելուց հետո: Հաղթանակ, որը ոչ մի կերպ չէր գոհացնում թե՛ կատալոնացիներին, թե՛ նրանց երկրպագուներին:
«Լեգանեսի» հանդեպ տարած հաղթանակը կատալոնացիների երրորդ անընդմեջ հաղթանակն էր: Կատալոնացիների անպարտելի շարքը ընթանում է արդեն 16 խաղ: Այս խաղերից 11-ում «կապտանռնագույնները» հաղթել են:
Ինչպե՞ս են խաղացել ակումբները
Կատալոնական և մադրիդյան այս ակումբներն ընթացիկ մրցաշրջանում իրար հանդիպել են արդեն 3 անգամ: Առաջնության առաջին շրջանում թիմերը խաղացին ոչ-ոքի՝ 1:1: Այնուհետև կատալոնացիները շրջանցեցին «Ատլետիկոյին» թագավորական գավաթի շրջանակներում՝ 1:2 հաշվով հաղթելով հյուրերի դաշտում և 1:1 հաշվով ավարտելով տնային հանդիպումը:
Այս թիմերի վերջին 12 պաշտոնական խաղերից 8-ում հաղթել են «կապտանռնագույնները» և միայն 1-ում՝ մայրաքաղքի ակումբը: Այս թիմերի միջև ընթացած վերջին 6 խաղերում երկու ակումբներն էլ գոլի հեղինակ են դարձել:
Ի՞նչ են մտածում բուքմեյքերները
Բուքմեյքերները կարծում են, որ այս խաղում կհաղթի կատալոնական ակումբը, ընդ որում՝ կատալոնացիները կխփեն 2 գոլ և ավելի: Ամենից հավանական արդյունքը 2:1-ն է:
Սիրարփի Աղաբաբյան