Բաժիններ՝

«Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հարցում փոխվել է և դարձել նախապայմանային». Ստեփան Գրիգորյան

«Սա արդյունք է իրենց հետևողական քաղաքականության, այսինքն՝ եթե չեք վերադարձնի տարածքները, մենք կշարունակենք կրակել, սպանել և այլն: Իրենց քաղաքականությունն Արցախի հարցում փոխվել է և դարձել նախապայմանային»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի վերջին գործողությունների մասին՝ նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ 2013 թվականից Ադրբեջանը ռեալ չի ցանկանում վերսկսել բանակցությունները. «Հանդիպումներ լինում են նախագահների և արտգործնախարարների, բայց բանակցություններ չկան: Նրանք անընդհատ փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա. ճնշում ռազմադաշտում, քաղաքական, դիվանագիտական հարթությունում: Այս կրակոցները ես նույն կոնտեքստում եմ դիտում: Իրենք անընդհատ կփորձեն ճնշել մեզ»:

Հարցին՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կանխատեսո՞ւմ է, քաղաքագետը պատասխանեց. «Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն միշտ էլ կա, դա էլ կապված է տարբեր գործոնների հետ: Օրինակ՝ նախորդ տարվա ապրիլի գործողությունները հիմնականում պայմանավորված էին Հայաստանի ծանր տնտեսական վիճակով, իսկ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, և նորից մենք դառնում ենք խոցելի: Նրանք տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են վերարտադրվելով: Իրենք հասկանում են, որ մեր ուշադրությունը շեղված է, և դա է պատճառը, որ պարբերաբար ավելի մեծ ընդհարումների հավանականությունն աճում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս