«Նայեցի իշխանության աչքերին և տեսա, որ իշխանությունը վախենում է ՀԱԿ-ից». Արմեն Մարտիրոսյան

«Երկու ճանապարհ կա՝ քաղաքական կամ ապաքաղաքական: Ապաքաղաքականը «Սասնա ծռերն» ու նման բողոքներն են, որոնք անընդունելի են, երբ կա պետություն, երբ այդ պետությունը պատերազմում է, ուրեմն՝ պետք է փորձել քաղաքական ճանապարհով փոփոխության հասնել: Մինչ հիմա քաղաքական ճանապարհով Հայաստանում ոչ մի հարց հնարավոր չէ լուծել, բայց 4+4+4 ֆորմատի շնորհիվ՝ ստեղծվեց հնարավորություն, որ առնվազն 500 հազար ձայն իշխանությունը հնարավորություն չունենա կեղծել: Երկրորդ՝ ընտրատարածքներում կլինեն տեսախցիկներ, եթե, իհարկե, այս ընթացքում այլ խարդախություններ չլինեն: Քրեականացվել է ընտրակեղծարարությունը: Այսինքն՝ ես տեսա, որ կա քաղաքական ճանապարհով իշխանափոխության հնարավորություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀԱԿ անդամ,  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է ընտրել հենց ՀԱԿ-ին. «Նայեցի իշխանության աչքերին և տեսա, որ իշխանությունը վախենում, զգուշանում է ՀԱԿ-ից, նրա կազմակերպած միտինգներին զորք է մտցնում հրապարակ»:

Ըստ նրա՝ կարևոր է խաղաղությունը, որն առաջարկում է ՀԱԿ-ը. «Բոլորը խաղաղության կողմնակից են: Ինչքան լավ պայմաններով լուծենք խաղաղության  հարցը, այդքան ավելի լավ, բայց խաղաղությունն անհրաժեշտ է, որովհետև դա քայքայիչ է մեզ համար»:

168.am-ի հարցին՝ ինքն է՞լ է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետի հետ, թե խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի հետ փոխզիջման գնալով և, հետևաբար, տարածքներ զիջելով, նա այսպես պատասխանեց. «Իսկ խաղաղություն լինո՞ւմ է առանց փոխզիջման. լինում է, եթե կապիտուլյացիա լինի: Մենք կարողացե՞լ ենք այնպես անել, որ հայտնվենք Բաքվում, և Ադրբեջանը կապիտուլյացվի. ոչ, չենք կարողացել: Այսինքն՝ մեր ուժը հերիքել է այսքանին: Հիմա, եթե այսքանին է հերիքել, ու հավերժ պատերազմին պետք է փոխարինի խաղաղությունը, դա պետք է լինի պայմանավորվածությամբ: Եթե կա որևէ մեկը, որ այդ պայմանավորվածությունը նաև Եվլախը վերցնելով է անելու, փառք ու պատիվ նրան. թող անի, և ոչ թե փոխզիջում լինի, այլ հակառակը՝ գրավում լինի: Բայց ակնհայտ է, որպեսզի Հայաստանը լինի, պետք է խաղաղություն»:

Տեսանյութեր

Լրահոս