«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը, խաղաղության համաձայնագիրը դեռևս ստորագրվելու է». Լուկաս Գասեր

 Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև ղարաբաղաադրբեջանական հակամարտության խնդրին և այս առնչությամբ, մասնավորապես, Շվեյցարիայի վարած քաղաքականությանը:

«Շվեյցարիան մշտապես իր հաստատակամությունն է արտահայտել  Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ հանգուցալուծման առնչությամբ,- նշեց դեսպանը և հավելեց,- Մենք շարունակում ենք  առաջարկել մեր ծառայությունները, որ  ավանդաբար եղել է Շվեյցարիայի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը:  1996 և  2014   թվականներին, երբ  Շվեյցարիան ստանձնել էր ԵԱՀԿ-ի նախագահությունը,  մենք  բավական ինտենսիվ ներգրավվածություն ունեինք  Հայաստանի և հարևան երկրների հարաբերությունների կարգավորման  գործընթացում:

Մենք  համարում ենք, որ 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և, որ դրան  հաջորդող ժամանակահատվածում մշակված Մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են ծառայել հետագա հանգուցալուծման գործում: Հակամարտության խնդրի շուրջ կայուն և մշտական հանգուցալուծում գտնելը  և երկրում խաղաղություն հաստատելը, անկասկած, համապատասխանում է   Հայաստանի շահերին, և,  եթե  Շվեյցարիան որևէ կերպ կարող է նպաստել այդ գործընթացի հաստատմանը, ապա  մենք ավելի քան պատրաստակամ և ուրախ կլինենք»:

Հարցին՝ արդյոք դեսպանն անհրաժեշտություն չի՞ տեսնում հակառակ կողմից ագրեսիվ ուժի կիրառման կոչերին հասցեական գնահատականներ հնչեցնելու առնչությամբ, Լուկաս Գասերը պատասխանում է.

«Լեռնային  Ղարաբաղի հակամարտությունը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը,  խաղաղության համաձայնագիրը դեռևս ստորագրվելու է:  Խաղաղ հանգուցալուծման  հասնելու ճանապարհին մենք ցանկանում ենք  օժանդակություն ցուցաբերել հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին: Սա պահանջում է բավականին ծավալուն դիվանագիտական գործընթաց, մասնավորապես՝  Եվրոպայում ԵԱՀԿ Մինսկի խմբի  անվտանգության և համագործակցության շրջանակներում: Գործընթացի ողջ մանրամասները, անշուշտ, հրապարակային ծավալման ենթակա չեն, ուստի պետք է հասկանալ նաև, որ այնպիսի չեզոք երկիր,  ինչպիսին Շվեյցարիան է,  որն իր ծառայություններն է տրամադրում այդ գործընթացին,  չի կարող հրապարակավ որևէ նախապատվություն  կամ դիրքորոշում ցուցաբերել տվյալ պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս