«Ստացվում է՝ ամբողջ հայ ժողովրդին պետք է արտահանձնել». Արմեն Ռուստամյան
Ադրբեջան այսօր բանակցային պրոցեսում հայտնվել է իր համար անհարմար վիճակում և Լապշինի հետ կապված այս ջղաձիգ քայլերը դրանից դուրս գալու փորձ է: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` Ադրբեջանում չեն կարողանում ճշտել` Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի՞ , թե՞ Հայաստանի հետ խնդիր է, և, մի հայեցակարգով փակուղի մտնելուց հետո, փորձում են մյուսով առաջ գնալ: Ռուստամյանի խոսքով` երբ Ադրբեջանը պատերազմ է ուզում, չի կարողանում խաղաղ հանգուցալուծել, դրա համար էլ հրաժարվում է հրադադարի խախտման մեխանիզմների ներդրումից, և այժմ նոր լիցք են ուզում հաղորդել Լապշինի խնդրի միջոցով:
«Սա երկու բռնապետերի միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է: Իրավական որևէ փորձաքննության այս արտահանձնումը չի կարող դիմանալ, որևէ դատական համակարգով այս ամենը չի անցել: Սա պետք է դուրս բերվի անձի կոնտեքստից: Իրենք էլ հասկանում են, որ ինչքան երկարի, այս ձնագունդը կմեծանա և կփորձեն հանձնել Լապշինին Ռուսաստանին կամ Իսրայելին` ցույց տալով, թե ինչքան մարդասեր են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա` ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր կոնֆլիկտային գոտիներ են այցելում, չեն հարցնում մյուս կողմի թույլտվությունը և ստացվում է, որ բոլոր նրանց պետք է արտահանձնել, այդ թվում` ամբողջ հայ ժողովրդին, կամ Ղրիմ այցելածներին. «Կոնֆլիկտը` կոնֆլիկտ, բայց մարդու իրավունքները գերակա արժեք են և, եթե խնդիրը լուծում չի ստացել, տեղաշարժվելու իրավունքը չպետք է սահմանափակվի»: