«Ռեսուրսների պակաս չենք զգալու ապագա ընտրություններում». ՀՀԿ-ական պատգամավոր

«Մինչև փետրվարի 16-ը, երբ կուսակցությունները կներկայացնեն իրենց ցուցակները, ցուցակների մասին խոսելն անիմաստ է: Ցուցակների հրապարակումից հետո նոր կարելի է վերլուծություններ և կանխատեսումներ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Խոսելով դաշինքների մասին՝ նա ասաց, որ պետք է հասկանալ՝ դրանք ինչ հենքի վրա են ձևավորվում. «Ես տեսնում եմ, որ դաշինքների մեծ մասը ձևավորվում է ոչ թե ընդհանուր գաղափարներ ունենալու հենքի վրա, այլ ավելի շատ տարբեր գաղափարախոսություն ունեցող մարդիկ հանկարծ մի դաշինքի մեջ են հայտնվում: Երբ կհայտարարեն իրենց ծրագրերը, նոր կարելի է մտածել՝ ՀՀԿ-ն կունենա՞ լուրջ մտավախություն, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ն այսօր, իր բոլոր հնարավորություններն ի մի բերելով, գտնում է, որ ինքը կարող է հաղթահարել ընդհանուր ընտրողների թվի մեծամասնությունը»:

Դիտարկմանը՝ արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվում, ընտրակաշառքի գումարը կրկնապատկվել կամ եռապատկվել է, նա այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ որտեղից է այդ խոսակցությունը, բայց որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում՝ առաջին անգամ ձեզանից եմ իմանում: Մենք ակտիվ աշխատում ենք, և որևէ նման խոսակցություն մեր համապատասխան կառույցներում չի եղել»:

Բանախոսն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելուն, և ասաց, որ դա բնական գործընթաց է. «Ցանկացած քաղաքական ուժում էլ լինում են մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից, բայց դրան զուգահեռ՝ ՀՀԿ-ում ավելի շատ անդամագրվողներ են հայտ ներկայացնում: Այնպես որ, ռեսուրսների պակաս չենք զգալու ապագա ընտրություններում. մարդկային ռեսուրսների մասին է խոսքը»:

Տեսանյութեր

Լրահոս