«Սլավ գրուպ» ՓԲԸ-ի պաշտոնական պարզաբանումը՝ Nutrilon ապրանքանիշի վերաբերյալ
«Սլավ գրուպ» ընկերությունը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ընկերությունն ադրբեջանական կաթի փոշի է ներկրում։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ կայքին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի:
Կայքի հետ զրույցում գնորդները, ովքեր խնդրել էին, որպեսզի չհրապարակվի իրենց անունները, նշել էին, թե կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու՝ մի քանի անգամ կերակրել են երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց է ունեցել և ամեն անգամ փսխել է: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, և ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառն ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելեցին, որ այդպիսի պատասխանի սպասում էին, քանի որ հենց բժիշկներն են խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով: Կայքի տեղեկություններով՝ նշված կաթի փոշին Հայաստան է ներկրում «Սլավ գրուպ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին: «Ի դեպ, երբ պոկում ենք ներկրող ընկերության պիտակը, նոր հասկանում ենք, որ այն արտադրված է Ադրբեջանում»,- նշված էր հրապարակման մեջ:
168.am-ը կապ հաստատեց ընկերության հետ՝ խնդրելով պարզաբանել վերոնշյալ հրապարակումը։ «Սլավ գրուպից» մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ Nutricia ընկերությունը հանդիսանում է մանկական սնունդ արտադրող՝ աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկը՝ ներկայացնելով իր արտադրանքն ավելի քան 130 երկրներում:
«Nutricia ընկերության Nutrilon մանկական կերն արտադրվում է Լեհաստանում: Անտեսելով այն փաստը, որ ապրանքի վրա հստակ նշված է արտադրման երկիրը՝ մենք ցպահանջ պատրաստ ենք հավելյալ ներկայացնել պաշտոնական բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Nutrilon մանկական կերն արտադրվում է Լեհաստանում:
2006 թվականից մինչ օրս «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հանդիսանում է Nutricia ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: Nutrilon մանկական կերը Հայաստան է ներկրվում՝ պահպանելով սննդի անվտանգության միջազգային և ՀՀ բոլոր նորմերը: Ցանկանում ենք ավելացնել, որ Հայաստան ներկրվող Nutrilon մանկական կերերի խմբաքանակները Nutrica ընկերության կողմից արտադրվում են Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդավայի համար, ու այդ իսկ պատճառով ապրանքի տարաները պարունակում են բազմալեզու նկարագրություն»,- գրված է ընկերության կողմից տրված պաշտոնական պատասխանում: